ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
17.04.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
(սկիզբը` թիվ 24-ում)
Կեցցե՛ն նրանք, ովքեր տաղանդներ են ներմուծում, վա՜յ նրանց, ովքեր միայն արտահանում են: Ո՞րս, թե՞ որսորդ` այս է խնդիրը: Մեր Հայաստանը հիմա սոսկ ուղեղների մատակարար է, բայց եղել է ժամանակ, որ Հայաստանն ինքն է ապաստան և ստեղծագործելու ապահով հնարավորություններ տվել իրենց երկրներում ճանաչում, բայց հովանավորություն չվայելող մտածողներին: Հույն փիլիսոփաներ Մետրոդորոս Սկեփսացի, Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող, հռետոր, իմաստասիրական որոնումների երկար և ինքնուրույն ճանապարհ անցած Յամբլիքոս, էլի ուրիշներ իրենց ասելիքն ավարտին են հասցրել, երբեմն էլ իրենց պատվելի վախճանը գտել Հայաստանում: Յամբլիքոսը (250-330) Հայաստանում է ապրել քաղաքական-գաղափարական, բառիս բուն իմաստով, արմատական վերափոխությունների փուլում, երբ հայոց թագավոր Տրդատ III-ը (298-330), քրիստոնեությունը դաժան հալածողներից վերափոխվեց նրա ջերմ ջատագովի, Գրիգոր Լուսավորչին հանեց Խոր վիրապի բանտահորից, քրիստոնեության տարածմանը ձեռնամուխ եղավ մի այնպիսի ամենամոռաց թափով, որն իր մի քանի իմաստներով այսօր հազիվ թե դրվատելի է: Տրդատը, հակասություններով և զգացմունքայնությամբ լեցուն այդ անհատականությունը, քրիստոնեական Հայաստան կերտելիս անուղղելի հարված հասցրեց հայոց մշակույթին, առանձնապես ճարտարապետությանը։ Նրա կարգադրությամբ հողին հավասարեցվեցին հեթանոսական կոթողների, արվեստների և ավանդույթների սքանչելի նմուշներ: Ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, Տրդատը Գրիգորի հետ բանակի գլուխն անցած քանդում էր մեհյանական տաճարները և հրամայում դրանց տեղը կառուցել եկեղեցիներ: Եվ փառք Աստծո, որ դրանցից գոնե մեկը` Գառնո փառահեղ տաճարը, խուսափեց կործանման ճակատագրից, քանզի այն կառուցել էր հենց Տրդատը` հեթանոսության իր տարիներին` ի հիշատակ սիրելի քրոջ Խոսրովդուխտի: Երանի Տրդատն ունենար յոթ պաշտելի քույր, այնժամ մենք կունենայինք յոթն անգամ ավելի հրաշալիքներ։
Հույները, աստվածների ու արվեստների այդ հպարտ երկրպագուները, քրիստոնեություն ընդունելիս խոհեմաբար խուսափեցին ավերիչ քայլերից և քսանմեկերորդ դարում իսկ առատորեն քաղում են իրենց շրջահայացության նյութական ու բարոյական պտուղները, նաև` երախտապարտությունը համայն մարդկության: Իր այս սխալը Տրդատը, լայնախոհ պետական գործիչն ու իրավիճակների սթափ գնահատողը, զգաց շատ շուտ, մանավանդ որ հեթանոս հայերն Արձան քրմապետի գլխավորությամբ հանուն իրենց իրավունքների համառ պայքար էին մղում և Տարոնում նույնիսկ ճակատ առ ճակատ կռվի ելան տերունական բանակի դեմ: Անիմաստ էր վերականգնել կործանվածը, սակայն ինքնադատապարտումներից տապակվող թագավորը զանգվածային ընդվզումները մեղմելու համար քրիստոնեական ծիսակարգում հանդուրժեց ոչ միայն հեթանոսության որոշ տարրերի ներմուծումը (տրնդեզ, վարդավառ, ուխտագնացություն, մատաղ), այլև թույլ տվեց Հայաստանում գիտական-իմաստասիրական լայն գործունեություն ծավալել նրանց, ովքեր սեփական հայրենիքներում հետապնդվում էին հենց քրիստոնեական պոստուլատները քննադատելու, նրա դրույթներին այս կամ այն կերպ հակադրվելու համար: Յամբլիքոսը` սիրիական նեոպլատոնականության հիմնադիրը, իր աշխատություններում ձգտում է փիլիսոփայական հիմնավորումներով վերականգնել հին հունական բազմաստվածությունը և այդ ճանապարհին, միանգամայն ակնհայտ է, ժխտել քրիստոնեական միաստվածությունը: Որոշ իմաստով Տրդատի քայլը երևի հարկադրական էր. նա ըմբռնում էր, որ կոշտ, անզիջում դիրքորոշումը կարող է սասանել իր ամենագլխավոր սկզբունքը, թագավորության գոյության հավաստի պայմանը, ամփոփված մի կարճ նախադասությամբ` «Ծառայք, հնազանդ լերուք տէրանց ձերոց»: Դեմոկրատիա, որն արքայի կարծիքով միայն շեղելու էր մոլեգինների մոլուցքը, նրա ընդլայնումը առ սեփականության վերաբաշխում: Չբացառելով այդ, հավելենք, որ քարոզչական մեղմացումները վիթխարի դրական, խթանիչ դեր ունեցան երկրի աճող սերնդին մոտիկից ծանոթացնելու այլոց փիլիսոփայական մտքին, նրա տարբեր դպրոցներին, առնչվելու այլախոհությանն ու այլընտրանքին, առանց որոնց բացառվում է որևէ զարգացում: Ապա և հասունանալ, ստեղծել ինքնուրույն որոնումների գիտամշակութային սերուցք, մի նոր զարկ տալ հայության խոհա-բանական-հոգևոր կարողություններին: Ցավով թե անցավ նա ընկալեց, որ երկիրն ըստ էության զրկվում է մտավորականությունից, որի ծլարձակման և զարգացման հիմնական օջախն այդ շրջանի Հայաստանում մեհյանն էր, հիմնական ուսուցչապետը` քուրմը, թերևս` նաև պալատն իր կիրթ աստիճանավորներով, ինչ-որ չափով նաև` իշխանական դղյակը: Հայ սեփական գրության-գրչության, աշխարհիկ ուսումնական հաստատությունների բացակայության պայմաններում հունարենին, նրա միջոցով աշխարհում մտքի շարժին հաղորդակից անողը մեհյանական ցանցն էր, հեթանոս քրմությունը: Նրա ձեռքին էր հոգևոր ղեկը: Տրդատը ղեկը խլում էր` առանց մտածելու փոխանորդի մասին:
Հասարակությունում հավաստի և գնահատելի դերի ձգտող մտավորականությունը որոշ իմաստով պահպանողական է, բացարձակ մեծամասնությամբ նա լեգալ թե անլեգալ կրողն է, վերարտադրողը, զարգացնողն ու նորովի շնչավորողը համամարդկային այնպիսի արժեքների, ինչպիսիք են գեղեցիկը, կատարյալը, վեհացնողը, վերափոխողը: Քարոզիչն է ֆիզիկական և հոգևոր ազատության, ազատամտության, արդարության, հավասարության, գուշակը ապագայի ուղիների: Ուստի ամենայն հեղաշրջում և հեղափոխություն, նախ և առաջ, ցանկանում է տիրել, իրենով անել, զուտ իր շահին ենթարկել միտքն ու նրա կրողին` հաճախ բռնությամբ, հարկադրանքներով, առանց խորշելու անընկճելիների ֆիզիկական հաշվեհարդարից: Մեր ոչ վաղ անցյալի պատմությունը ասվածի վկայությունն է։ Հհշական մարքսամորուք մի ուրվական օրնիբուն ամբիոններից և եթերներից այպանում էր Մարքսին, նրա հետևորդներին, նեղություն չկրելով ըմբռնելու, որ գործ ունի կոմունիզմով հնազանդեցված, դպրոցներում և ինստիտուտներում իրականությանն ամենևին չառնչվող թեզերը բռնությամբ անգիր արած զանգվածի հետ: Չէր կամենում թացը չորից զատել, որովհետև նույնքան անգետ-չորագանգ էր, որքան 1917-ի բոլշևիկյան-լենինյան հեղափոխության գործիք բիրտ նավաստին, հարստահարումներից ու արյունից կուշտ բարկացած մուժիկը, որոնց դժբախտությունների աղբյուր բոլշևիկները մատնանշում էին նաև արիստոկրատ, բուրժուա թե անաստիճան ստեղծագործ մտավորականին, հրահրում այրել, ջրին տալ անիծյալ ցարիզմի ողջ մտավոր ու մշակութային ժառանգությունը: Եվ տեղը դնում էին բանվոր-բանաստեղծ Դեմյան Բեդնուն, որին համակարգի մի ուրիշ գրչակից ծառա, որ հետագայում խորապես զղջաց դրա համար, բառադարձությամբ անվանելու էր Խեղճ Դեմյան: Տեղը դնելու էին պրոլետար գրող Հակոբ Հակոբյանին, որը ոտքի վրա հորինելու էր «Բոլշևիկ է Շիրկանալը» պոեմը` ի փառս ջրանցքի շահագործման: Մարքսամորուքը մտավորականությանը «մեծարում» էր «կոմունիստական ոջիլներ» անունով, առանց կռահելու, որ ինքը հհշական անիծից դենը չի անցնելու: Իսկ նրա մեկ ուրիշ, համեմատաբար խորամանկ ու հաջողակ կուսակիցը, որ անընդմեջ հարմարվողականության աներևակայելի օրինակներ ու կեղծ օբյեկտիվության «ցնցող» նմուշիկներ տալով վերջապես հաջողեց թափանցել Ազգային ակադեմիա, նստում էր ժամանակավորապես ընձեռված պաշտոնասեղանի գլխին, իրենից աջ տեղավորում ոստիկանին, ձախ` հալածյալ մտավորականին և ստիպում վերջինիս աշխատանքից կամավոր հեռանալու դիմում գրել, սպառնալով այլապես դատի տալ նրան և փտեցնել բանտում` իր գիտեցած հազարումի եղանակով: Սա էր ՀՀՇ-ի մտավոր ջարդի «ինքնատիպությունը»: Հայոց թագավոր Տրդատ III-ն ավելի խոհեմ գտնվեց: Այլածագում մտավորականներ հրավիրելուց զատ, և՛ նա, և՛ նրա հաջորդները բավականին արդյունավետ ջանքեր թափեցին հեթանոս քրմերին քրիստոնեական հավատքի բերելու համար: Նրանց նկատմամբ վստահություն էին սերմանում, սիրտները շահում պաշտոններով ու բարձր վարձավճարներով, նրանց զավակներին ներգրավում էին քրիստոնեական ուսմունք ավանդող դպրոցներ: Եվ կարծես հարթվում էր ազգի հավասարակշռման, հանդուրժողականության, համերաշխության ուղին, ինչն իր հերթին ծնելու էր գրչապետ այր մի Մեսրոպ Մաշտոց, հովվապետ այր մի Սահակ Պարթև, արքայապետ այր մի Վռամշապուհ, եռյակ մի, որ հայությանը տեր դարձրեց սեփական գրի և գրչության, սեփական հոգևոր-գիտական նկարագրի` գրականության, մանրանկարչության, ճարտարապետության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, աստղաբաշխության և այլ ասպարեզներում: Հոգու և մտքի այս գանձերն էին պահպանելու ազգի անունը` դարեր շարունակ նրան ներկա պահելով քաղաքակրթությունների անդաստանում, նույնիսկ պետականության ցավալի և երկարատև կորստի փուլերում: Նախ` ամենաիսկակական մտավորականներ էին այս մեծապատիվ, մեծախոհ այրերը, ապա` պետական գործիչներ, որոնց առաջնորդում էր ազգի անցյալն ու ներկան ապագա տանելու հրավառ տենչը` ինքնուրույնության փշոտ արահետներով:
(շարունակելի)
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ